среда, 23 ноября 2011 г.

Մեդվեդևը սպառնացել է ԱՄՆ–ին



Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ–ին հիշեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին պայմանագրից՝ Ռուսաստանի դուրս գալու իրավունքի մասին։ Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, Մեդվեդևը հայտարարել է, որ եթե ԱՄՆ–ն չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից և կհրաժարվի զինաթափման գործընթացից։


«Հաշվի առնելով պաշտպանողական և ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջև անքակտելի կապը, հնարավոր է, որ հիմքեր առաջանան մեր երկրի՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից դուրս գալու համար։ Դա նախատեսված է պայմանագրով»,–ասել է Մեդվեդևը։


Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտակայքում և Ռուսաստանին հարող ջրային տարածությունում հրթիռների և հակահրթիռային պաշտապանության այլ տարրերի հնարավոր տեղակայմամբ։


Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի միջմայրացամաքային բալիստիկական հրթիռները կզինվեն հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու համար նախատեսված հեռանկարային համակարգերով։ Կայքը ընդգծում է, որ Մեդվեդևը պաշտպանության նախարարությանը հրահանգել է անհապաղ գործի դնել հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոլոկացիոն կայանը։ Նրա խոսքով՝ օդային–տիեզերական պաշտպանության համակարգի ստեղծման շրջանակում Ռուսաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղացնել ռազմավարական միջուկային ուժերի օբյեկտների պաշտպանությունը։


Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանը չի համաձայնել մասնակցել Հակահրթիռային պաշտպանության համաեվրոպական համակարգին՝ դրա այսօրվա տեսքով, քանի որ այդ ծրագիրը մի քանի տարի անց կարող է թուլացնել հարձակումների կանխարգելման՝ Ռուսաստանի ներուժը։


Rbc.ru–ն ընդգծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներն ավելի վաղ պայմանավորվել էին շարունակել հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ խորհրդակցությունները։ ԱՄՆ–ն, սակայն, բացահայտ հայտարարել էր, թե չի կարող Ռուսաստանին իրավաբանական երաշխիքներ տալ առ այն, որ հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ։


Մոսկվան, սակայն, շարունակում է պնդել, որպեսզի ԱՄՆ–ն իրեն նման երաշխիքներ տրամադրի։


Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին նոր համաձայնագիրը (1991թ. կնքված նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր 2009թ. դեկտեմբերի 5-ին), որը 2010թ. ապրիլին ստորագրել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, նախատեսում է միջուկային զենքի ռազմավարական զինանոցի կրճատում՝ յուրաքանչյուր կողմից մինչև 1550 մարտագլխիկ, և ստուգման մեխանիզմի հաստատում։


Комментариев нет:

Отправить комментарий

back to top

Տեղադրեք ձեր գովազդը այստեղ

X